Բլոգ
Ինչպե՞ս ճիշտ պլանավորել օրը, կամ ինչպե՞ս հասցնել ամեն ինչ

Ինչպես ճիշտ պլանավորել օրը

Ինչպե՞ս հասցնել ամեն ինչ։ Հարց, որ հետաքրքրում է բոլորին։ Կարծում եմ, որ ամեն ինչ հասցնելու գրավականը՝ օրվա ճիշտ և մանրակրկիտ պլանավորումն է։ Բայց կարծիքներն այս հարցի շուրջ նույնպես տարբեր են։ Մարդկանց մի մասը մնում է այն կարծիքին, որ պլանավորել ինչ-որ իրադարձությունների ընթացքը, անիմաստ ժամանակի կորուստ է, չէ որ ոչինչ պլանավորածի պես չի անցնելու, իսկ որոշ կետեր ընդհանրապես չեն արվելու տարվա, կամ գուցե ողջ կյանքի ընթացքում։ Ոչ՛, սա չափազանցություն չէ, իրոք կան այնպիսի բաներ, որ կարող ես գրել օրվա պլանների մեջ, բայց մի ամբողջ կյանք չանել, օրինակ` առավոտյան վազելու գնալը։

Այսպիսով, պլանավորե՞լ, թե ոչ։
Իսկ դուք ցանկանում ե՞ք հաջողության հասնել. այո թե ոչ։ Եթե այո՞, ուրեմն միանշանակ պլանավորեք, Ձեր օրը։ Բայց պլանավորեք խելացի, պլանավորեք իրատեսական, պլանավորեք ազնվորեն գնահատելով ձեր կարողությունները և ցանկությունները։ Եվ հիշեք միայն պլանավորելը բավական չէ, անհրաժեշտ է նաև հետևողականություն դրսևորել և կատարել պլանավորած բոլոր կետերը։

Մի փոքր պատմեմ այս հարցին վերաբերվող իմ անձնական փորձի մասին։

Տարիներ առաջ, երբ նոր էի ընդունվել համալսարան, դպրոցի հետ համեմատած դասերի քանակությունն ահռելի շատ էր, հետևաբար խնդիր էր առաջացել օրը, շաբաթը և նույնիսկ ամիսը մանրակրկիտ պլանավորելու։

Շատ ուսանողներ պարզապես հանձնվում են, չդիմանալով նման ծանրաբեռնվածությանը, ինչը բնական է, չէ որ մեր օրգանիզմը դեմ է գնում ցանկացած ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքին, կարծես ասելով. «գնա՜- գնա՜ փախչիր խնդիրներից»։ Բայց դա ինձ չէր վերաբերվում, ես ունեի նպատակ ՝ սովորել լավ, ստանալ գերազանց գնահատականներ, անցնել անվճար և ստանալ կարմիր դիպլոմ։ Դրա համար ես մտածեցի պլանավորման իմ սեփական ձևը։
 

Ինձ շատ օգնեցին Նապոլեոն Հիլլի խոսքերը. «Մենք բոլորս ունենք 24 ժամ։ Եվ՛ աղքատը, և՛ հարուստը ամեն օր իր առջև ունի 24 ժամ»։ Այս խոսքերն ինձ ոգեշնչեցին, և ես որոշեցի բաժանել այդ 24 ժամն ամենաարդյունավետ կերպով։ Ամեն օր 6 ժամ ես անցկացնում էի համալսարանում, 4 ժամ ինձ լիովին բավական էր օրվա անցած նյութը կարդալու և առաջադրանքները կատարելու համար, ևս 8 ժամ անհրաժեշտ էր քնելու համար, արդյունքում ստացվեց, որ օրվա պլանները կատարելու համար ինձ անհրաժեշտ էր 18 ժամ, ինչը նշանակում էր, որ ես դեռ 6 ժամ էլ ազատ ժամանակ էի ունենալու։
 

Իրականում իհարկե ես միայն 4 ժամ էի հասցնում ազատել օրվա մեջ, որովհետև չէի հաշվել, որ ճանապարհին ես 2 ժամ եմ անցկացնում, բայց այդ 4 ժամն ավելի քան բավական էր, ընկերներիս հետ անցկացնելու կամ ֆիլմ դիտելու համար։

Իհարկե այսօր համացանցի շնորհիվ հանգիստ կգտնեք բազում խորհուրդներ, թե ինչպես պլանավորել ճիշտ օրակարգ, անգամ մի ամբողջ տարվա համար: Իսկ ես պարզապես առաջարկում եմ իմ սեփական փորձով հաջողություն գրանցած մեթոդը։ Այո ՛ ես կատարեցի իմ առջև դրված խնդիրը, նույնիսկ ավելի լավ, քան կարող էի պատկերացնել։


Դե ինչ, ես ցանկանում էի կիսվել ձեզ հետ իմ փորձով, հուսամ այն ձեզ կօգնի։ Եթե ունեք պլանավորման Ձեր սեփական մեթոդը, կարող եք գրել այն մեկնաբանությունում։

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2020 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика