Բլոգ
Ինչպե՞ս իրականացնել SWOT վերլուծություն | Gios.am

SWOT վերլուծություն

Այս անգամ եկեք միասին պարզենք Ձեր ընկերության թույլ, ուժեղ կողմերը և դրանցից բխող հնարավորություններն ու վտանգները:

Հնարավոր է, որ դուք մինչ այս չէիք լսել SWOT վերլուծության մասին, բայց դա այլևս անցյալում է, այնպես, որ գործի դրեք բիզնեսմենին բնորոշ ռեալիզմը՝ մենք սկսում ենք:

SWOT վերլուծությունը մեթոդ է, որի միջոցով հնարավոր է գնահատել բիզնեսին բնորոշ 4 ասպեկտներ: Դրանք են.

  • Ուժեղ կողմեր
  • Թույլ կողմեր
  • Հնարավորություններ
  • Վտանգներ

Օգտվելով այս մեթոդից՝ դուք կկարողանաք նվազեցնել ձախողման հավանականությունը՝ հասկանալով, թե որտե՞ղ է կաղում Ձեր ընկերությունը, որտե՞ղ են թաքնված սպառնացող վտանգները և, գուցե կարողանաք օգտագործել դրանք ի օգուտ Ձեզ:

Ինչպե՞ս իրականացնել SWOT վերլուծություն:

Նախ գծեք 4 հավասար մասից բաղկացած մատրիցա: Յուրաքանչյուր հատված տրամադրեք վերևում նշված 4 ասպեկտներից մեկին:
SWOT վերլուծությունը պահանջում է մաքսիմալ անկեղծություն:

SWOT վերլուծություն

1. Երբ խոսքը վերաբերվում է ուժեղ կողմերին, այստեղ խոսելու բան ունեն բոլորը: Սկզբում գտեք հետևյալ հարցերի պատասխանները

  • Ի՞նչն է Ձեր ընկերության մոտ գերազանց ստացվում:
  • Ի՞նչն է ձեզ դարձնում յուրահատուկ:

Գտեք այն առավելությունները, որոնցով դուք գերազանցում եք Ձեր մրցակիցներին: Հիշե՛ք, որ ուժեղ կողմերը Ձեր ընկերության հաջողության գրավականն են, այնպես որ ճանաչեք դրանք և մոտիվացրեք անձնակազմին՝ դրանք մի քանի անգամ բազմապատկելու համար: Այստեղ ձեզնից ակնկալում ենք վերլուծական մտածելակերպ: Եվ, հաշվի առեք, որ ուժեղ կողմերը պետք է տեսանելի առավելություն բերեն ընկերությանը: Այսինքն, եթե Ձեր արտադրանքը որակյալ է, բայց մրցակցի արտադրանքի որակը չի զիջում Ձեր մատուցածին, ապա հանեք որակը Ձեր վերլուծության այս բաժնից:

2. Մի փոքր դժվար է, բայց ժամանակն է խոսել Ձեր ընկերության թույլ կողմերի մասին: Հիշեք, դրանք պետք է իմանաք միայն դուք, սակայն չփորձեք աչք փակել դրանց վրա, քանի որ թույլ կողմերը ջրի երես բարձրանալու հատկություն ունեն:

Այստեղ պետք է պատասխանել հետևյալ հարցերին․

  • Ի՞նչը կարող եք փոխել դեպի լավը և ինչպե՞ս:
  • Ո՞ր ռեսուրսներով և հնարավորություններով եք զիջում Ձեր մրցակիցներին:

Թույլ կողմերը ևս քայլում են Ձեր ընկերության կողքով, ուստի կենտրոնացեք և սկսեք աշխատել նրանց ուժեղ կողմ դարձնելու ուղղությամբ: Սա ժամանակատար գործընթաց է, այդ պատճառով Gios-ի բարի խորհուրդը Ձեզ՝ ժամանակ մի կորցրեք, չէ՞ որ ժամանակի անարդյունավետ կառավարումը ևս թույլ կողմ է համարվում:

3. Այժմ հասանք բոլոր բիզնեսմենների կողմից սիրված կետին: Շանսեր միշտ էլ տրվում են, մնում է դրանք նկատել և ճիշտ օգտագործել: Ամեն ինչ Ձեր ձեռքերում է:

Պատասխանեք այս հարցերին.

  • Ի՞նչ հնարավորություններ են Ձեզ ընձեռնված:
  • Ինչպե՞ս են ազդում Ձեր ուժեղ կողմերը հնարավորությունների վրա:

Ուշադիր և անընդհատ հետևեք շուկային, մի անտեսեք ոչ մի մանրուք: Հիշեք, որ ամեն հնարավորություն իր հետ նոր հնարավորություն է բերում: Այս դաշտը լրացնելու համար Ձեզ պետք կգա հեռատեսություն և մի քանի բաժակ սուրճ, բայց զինվեք համբերությամբ, չէ՞ որ ապագայի մասին չմտածող բիզնեսմենները հեշտությամբ խաղից դուրս են մնում:

4. Այս դաշտը ներառում է այն, ինչը կարող է բացասաբար ազդել Ձեր բիզնեսի գործունեության վրա:

Ստացեք այս հարցերի պատասխանները.

  • Ինչո՞վ է զբաղված մրցակիցը և որտե՞ղ ենք զիջում նրանց:
  • Ինչպե՞ս են Ձեր թույլ կողմերը մեծացնում սպառնող վտանգի հավանականությունը:

Սովորեք սխալներից դասեր քաղել: Մտածեք․ արդյո՞ք Ձեր ընկերությունը պատրաստ է ընդունել մարտահրավերներ: Որտե՞ղ են Ձեր խոցելի կողմերը: Այս կետը լրացնելու համար պետք է գտնել բոլոր հարցերի պատասխանները, դրանք անտեսել չի կարելի: Այս ամենին կից հիշե՛ք, որ որքան շատ են թույլ կողմերը, այնքան շատ են սպառնացող վտանգները:

Երբ լրացնեք բոլոր 4 կետերը, շունչ կքաշեք և ուշադիր կնայեք դրանց: Վստահ ենք, որ Ձեզ մոտ ցանկություն կառաջանա ավելացնել ուժեղ կողմերը, թույլերը՝ դարձնել ուժեղ, կանխել բոլոր վտանգները և օգտվել բոլոր հնարավորություններից:

Բայց մինչ գործի անցնելը փորձեք գտնել կապը 4 բաժինների մեջ: Օրինակ, ո՞ր երեք ուժեղ կողմերը օգտագործելով կկարողանաք նոր հնարավորություն ստեղծել:

Ձեր աչքի առաջ պահեք վերլուծության մատրիցան և պարբերաբար թարմացրեք այն, օգտագործեք անալիզը նոր ռազմավարական քայլեր մշակելիս:


Դե, այս անգամ այսքանը: Եթե որոշեք օգտակար նյութի համար շնորհակալություն հայտնել Gios-ի ժրաջան թիմին, ապա հիշեք, որ մենք սիրում ենք օրվա վերջում մեկ գավաթ գինի վայելել:


Հարգանքներով՝ Gios:

Բաժանորդագրվեք հենց հիմա ԵՎ ստացեք օգտակար նյութեր Ձեր բիզնեսի համար

Հետևեք մեր նորություններին և սպասեք նորանոր անակնկալների...

© 2021 "GIOS" LLC. | Բոլոր իրավունքները պաշտպանված են: Яндекс.Метрика